Երեւանում հունիսի 8-ին ընթանում է ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստը:
Սկզբում կայացել է Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նեղ կազմով նիստը, որին հաջորդեց ընդլայնված կազմով նիստը: Նիստի արդյունքները կամփոփվեն մամուլի ասուլիսի ժամանակ: Պլանավորվում է նաեւ մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Բացելով ընդլայնված կազմով նիստը՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը նշեց, որ նիստն ընթանում է Հայաստանի համար բարդ ժամանակներում: Մասնավորապես նա անդրադարձավ ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային եւ ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես ԼՂՀ երաշխավոր, չի կարող անմասն մնալ:
«Ադրբեջանի ագրեսիան մեծաքանակ մարդկային զոհերի հանգեցրեց: Ադրբեջանի ագրեսիան հաջողվեց կանխել եւ իրավիճակը վերահսկողության տակ առնել: Դրանում կարեւոր դեր խաղացին ՌԴ ջանքերը, որին դիմել էր Ադրբեջանը՝ խնդրելով վերականգնել հրադադարի ռեժիմը: Բոլոր այդ իրադարձությունները տեղի էին ունենում ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում, այդ պատճառով մենք ելնում ենք նրանից, որ իրադարձությունները հուզում են ՀԱՊԿ-ում մեր գործընկերներին»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:
Նրա խոսքով՝ նմանապես մենք չենք կարող անտարբեր մնալ Կենտրոնական Ասիայում կատարվող իրադարձությունների նկատմամբ: «Մեր երկրներում հանրությունը հավաքական խնդիրների եւ նպատակների հարցերում մեզնից սպասում է ավելի ուժեղ համախմբվածության, հենց դրա համար էլ ստեղծվել է կազմակերպությունը»,- ասել է Գեւորգյանը:
Մամուլի համար դռնփակ նիստի օրակարգում կա 7 հարց:





























