ՀԱՊԿ-ը ձգտում է օգտագործել եղած ներուժը կոնֆլիկտային իրավիճակները վաղ փուլում կանխելու համար: Այս մասին հունիսի 8-ին՝ Երեւանում ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարող է անել կազմակերպությունը, որպեսզի կանխի ապրիլին տեղի ունեցածի նման իրադարձությունները:
Նրա խոսքով՝ հենց դրա համար մշակվում է ճգնաժամային արձագանքման համակարգ, որը նախատեսում է իրավիճակի մշտադիտարկում եւ արձագանքում: Որպես կարեւորագույն միջոց՝ Բորդյուժան նշել է քաղաքական ներուժը:
Մյուս կարեւոր խնդիրների թվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առանձնացրել է ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ հագեցվածության աճը, ռազմատեխնիկական համագործակցությունը, որով նախատեսվում է Հայաստանի համար արտոնյալ գներով զենքի վաճառք: Անհրաժեշտ է նաեւ իրավապահ մարմինների ներուժի ամրապնդում: «Հավաքական ուժային՝ զորքի եւ իրավապահ մարմինների ներուժի ամրապնդում, եթե երրորդ պետության կողմից բախվենք ագրեսիայի, կարող ենք հակազդել»,- նշել է Բորդյուժան:
Անդրադառնալով խաղաղապահ ուժերին՝ նա կարծիք հայտնեց, որ դրանք անհրաժեշտ է օգտագործել միայն այն տարածաշրջաններում, որոնք ազդում են ՀԱՊԿ անդամների անվտանգության վրա:





























