«Թուրքիայի ներկա իշխանությունները կարծես իրենց առաջ նպատակ են դրել ամրացնել իրենց դիրքերը թուրքերի շահերի հաշվին»,- թուրքական Milliyet թերթում գրում է հրապարակախոս Հասան Փուլուրն ու հավելում. «Սկզբում նրանք դրդեցին Կիպրոսի թուրքերին համաձայնել „Անանի պլանին“, հետո որոշեցին Ղարաբաղի հաշվին լուծել հայկական հարցը, սակայն թուրքական հասարակության ուժեղ դիմադրությանը հանդիպելով՝ զիջեցին: Հիմա էլ բանը հասել է այսպես կոչված „քրդական հարցի“ լուծմանը, որը մեզ համար վնասակար որոշում է եւ կարող է հանգեցնել Թուրքիայի մասնատմանը»: Նրա կարծիքով, Թուրքիան չպետք է զիջի ոչ մի հարցում եւ պետք է ցույց տա իր հզորությունը:

«ԱՄՆ-ն ու Արեւմուտքը Թուրքիայի կարիքն ունեն, իսկ մենք մեզ պահում ենք այնպես, կարծես թե մենք ենք նրանցից կախված: Թուրքիան պետք է խիստ պայմաններ դնի, որ չի զիջի ոչ Կիպրոսի, ոչ Ղարաբաղի, ոչ քրդական հարցերում: Սրանք հարցեր են, որոնցով անցնում է այն կարմիր սահմանը, որից այն կողմ անցնել չի կարելի: Զիջումները ծնում են նոր զիջումներ: Եթե մենք զիջենք այս հարցերում, վաղը մեզանից այլ զիջումներ կպահանջեն»,- ընդգծել է Փուլուրը: