Գրեթե հաստատ է, որ Բեռլուսկոնին San Raffaele-ում կմնա մինչեւ հինգշաբթի… Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը հիվանդանոց էր տեղափոխվել երեքշաբթի առավոտյան սրտի հետ կապված խնդիրների պատճառով, առնվազն մինչեւ հինգշաբթի կմնա միլանյան San Raffaele հիվանդանոցում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Corriere della Sera-ին:
«Գրեթե հաստատ է, որ Բեռլուսկոնին San Raffaele-ում կմնա մինչեւ հինգշաբթի, գուցե` մինչեւ ուրբաթ: Նրա բժիշկը` պրոֆեսոր Ալբերտո Ջանգրիլլոն հրահանգել է, որ ոչ մեկին չթողնեն հիվանդասենյակ: Բեռլուսկոնիին լիակատար անդորր է անհրաժեշտ. նույնիսկ այն բանից հետո, երբ «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը դուրս կգրվի, նա պետք է վարչական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընտրական արշավի վերջին օրերը Միլանում անցկացնի` լիակատար հանգստի մեջ», — գրում է պարբերականը:
Հայտնի քաղաքական գործիչը հիվանդանոց է տեղափոխվել երեքշաբթի առավոտյան, երբ նրա մոտ նոպա է սկսվել, որը, տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, սթրեսի հետեւանք էր:
Ansa գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բեռլուսկոնին, որը սեպտեմբերին 80 տարեկան կդառնա, հիվանդանոց է տեղափոխվել նախազգուշական նկատառումներից ելնելով` անհրաժեշտ անալիզներ եւ բժշկական հետազոտություն անցնելու համար, տեղի ունեցածի հետ կապված վիրահատական որեւէ միջամտություն չի նախատեսված:
«Առաջ, Իտալիա»-ի առաջնորդին հիվանդանոց տեղափոխելու օրը նրան այցելել են իր երեխաները` Մարինա, Բարբարա եւ Պիեռ Սիլվիո Բեռլուսկոնիները, ինչպես նաեւ 30-ամյա Ֆրանչեսկա Պասկալեն, որի հետ Բեռլուսկոնին արդեն մի քանի տարի մտերիմ հարաբերությունների մեջ է:





























