Այս պահին Մաշտոցի պողոտայի կենտրոնական փակ շուկայում բողոքի գործողություն է ընթանում, որին մասնակցում է մի քանի տասնյակ մարդ: Շուկայի աշխատակիցները բողոքում են սեփականատիրոջ որոշման դեմ, ըստ որի հոկտեմբերի 15-ին շուկան կփակվի անորոշ ժամկետով՝ վերանորոգման համար: Հավաքվածները խնդրում են վերանորոգման աշխատանքները տեղափոխել են Նոր տարուց հետո, քանի որ իրենց մեծ մասը վարկ է վերցրել եւ ապրանք գնել, որը գտնվում է պահեստներում եւ մինչեւ հոկտեմբերի 15-ը հնարավոր չէ այն վաճառել: Եթե սեփականատերը զիջումների չգնա, բողոքի գործողությունները կանցկացվեն կառավարության շենքի առջեւ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքող կանանցից մեկը նշեց, որ որոշման մասին շուկայի տնօրենը հայտնել է 2 օր առաջ եւ հայտարարությունը փակցրել է շուկայի պատին. «Գոնե մեկ ամիս առաջ զգուշացնեին, մենք վարկ չէինք վերցնի, այսքան ապրանք չէինք գնի: Մեզ առեւտրի այլընտրանքային վայր չեն առաջարկում: Ո՞վ է այս սեզոնին շուկա փակում, երբ առեւտուրը եռում է: Թող գոնե վերանորոգումը սկսեն Նոր տարուց հետո»:

Նշենք, որ տվյալ պահին շուկան փակ է, քանի որ բոլոր առեւտրականները մասնակցում են բողոքի գործողությանը:

Նրանք որպես շուկայի սեփականատեր նշում են Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի անունները: