Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարի դեմ հոկտեմբերի 3-ին բռնություն է կիրառվել Ազատության հրապարակում, որտեղ նա միայնակ նստացույց էր սկսել` պաստառով:
Նա նստացույցն սկսել է հոկտեմբերի 2-ին: Ոստիկանները մոտեցել են նրան, հետաքրքրվել ակցիայով, սակայն չեն խոչընդոտել: Իսկ արդեն գիշերը ժամը 1-ին Ազատության հրապարակ են եկել մոտ մեկ տասնյակ ոստիկաններ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքանյանի գլխավորությամբ եւ բռնություն կիրառել նախկին քաղբանտարկյալի նկատմամբ:
«Նրանք հայտնեցին, որ իմ ակցիան անօրինական է, քանի որ ես չեմ ստացել համապատասխան թույտվություն քաղաքապետարանից: Նրանք հարկադրանքի կիրառմամբ ինձ նստեցրին ոստիկանության 057ՈՍ02 համարի «Գազել» մեքենան, հեռացրին Ազատության հրապարակից եւ տարան իջեցրին Մարզահամերգային համալիրի մոտ: Նշեմ մինչ «Գազելը» նստեցնելը` Ռ. Մելքոնյանը, կատաղած դիմելով ինձ, պահանջեց հեռանալ Ազատության հրապարակից: Դրսեւորելով խուլիգանական կեցվածք` հափշտակեց, ճմռթեց եւ իր հետ տարավ իմ պաստառը, նաեւ վիրավորելով իմ մարդկային արժանապատվությունը` ինձ անվանեց հոգեկան հիվանդ եւ անասուն»,- ներկայացրել է Վարգես Գասպարին, ով Համալիրից նորից վերադարձել է Ազատության հրապարակ:
«Երկրորդ անգամ նույն կերպ, այս անգամ մի խումբ բերետավորներ, ժամը 4:30-ին, ինձ հարկադրանքով խցկեցին ոստիկանության 315ՕՕ2 համարի «Ֆորդ» մեքենան եւ կրկին տարան համալիրի մոտ եւ դրեցին մայթին»,- ասել է ակտիվիստը, նշելով, որ նույնը կրկնվել է նաեւ ժամը 6-ին:
Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդագրություն է ներկայացրել, որով պահանջում է քրեական գործ հարուցել` խոսքի ազատության, խաղաղ ցույց անելու, ազատ տեղաշարժի իրավունքների խախտման, մարդկային արժանապատվությունը վիրավորելու համար:



























