Հնդկաստանի Բիհար նահանգում երեխա է ծնվել յուրահատուկ արատով: Նրա սիրտը դրսի կողմից է: Այս մասին գրում է Mail Today-ը: Նման արատով երեխաներ ծնվում են շատ հազվադեպ` 7,9 երեխա յուրաքանչյուր մեկ միլիոն մարդու մեջ: Նրանց 90 տոկոսը ծնվում են արդեն մահացած կամ մահանում են 3 օրվա ընթացքում:

Այս անգամ Բիհարի աղքատ ընտանիքի հիվանդ երեխան, որի սիրտը բաբախել է ապշահար եղած ծնողների ու բժիշկների աչքի առաջ, կենդանի է մնացել: Ավելին, նրա բոլոր օրգանները նորմալ գործում են:

Բիհարի ծննդատան բժիշկները երեխային հոր եւ սանիտարի ուղեկցությամբ գնացքով ուղարկել են Նյու Դելի: Ուրբաթ օրը երեխային վիրահատելու եւ հետագա բուժման համար վերցրել է բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտը:

Նշենք, որ մինչեւ օրս միայն մեկ մարդու է հաջողվել նման արատով ծնվելուց հետո ապրել: Դա ամերիկացի Քրիստոֆեր Ուոլն է, ով 15 վիրահատություն է տարել եւ բժիշկներին հաջողվել է նրա սիրտը տեղավորել կրծքավանդակում: Վերջերս նա նշել է իր 34-ամյակը: