Հանրապետական կուսակցության ներսում այսօր ոչ մի վեճ ու հակասություն չկա, քանի որ կուսակցությունում չկա բանավեճ: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն՝ անդրադառնալով կոալիցիայի անդամ կուսակցությունների ներքին հակասություններին: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն պետական բյուրոկրատիայի կուսակցություն է, որի նախատիպը «Եդինայա Ռոսիա»-ն է ՌԴ-ում, «Ենի Ադրբեջան»-ը՝ Ադրբեջանում եւ այսպես շարունակ: «Ես համոզված եմ, որ ցանկացած ՀՀԿ-ական բիզնեսմենի, եթե հանեն պաշտոնից, նա միանգամից կուսակցությունից դուրս կգա, բոցաշունչ ելույթներով հանդես կգա եւ կասի, որ Հայասանում դեմոկրատիա չկա: Բայց քանի դեռ չեն հանել, նա կասի, որ երկիրը ծաղկում է»,-նկատեց քաղաքագետը եւ որպես դրա վառ օրինակ բերեց Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին:

«Ասել, որ ՀՀԿ-ի ներսում ինչ-որ հակասություն կա, դա ինձ համար նույնիսկ ծիծաղելի է»,-ասաց Բոզոյանը:

Ինչ վերաբերում է  կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունների միջեւ առկա, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին, ապա, Բոզոյանի խոսքով. «Այդտեղ եւս չկան ներկուսակցական հակասություններ: Կա ուղղակի պրոբլեմ՝ իշխանությունը փորձում է սարքել ուղղահայաց իշխանություն՝ «վերտիկալ վլաստի», ինչը չի ընդունում ԲՀԿ-ն: Եւ սա շատ բնական է, քանի որ նրանք հասկանում են, որ դա հակասում է իրենց շահերին եւ ամեն ինչ անում են դրա դեմ»,-ասաց նա: Կոալիցիոն մյուս կուսակցության՝ ՕԵԿ-ի մասին էլ քաղաքագետն ասաց, որ այն բավական թուլացել է եւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո փաստացի այլեւս գոյություն չունի, չնայած իշխանությունը կարող է վարչական ռեսուրսներով պահել նրան: «Բայց դա հնարավոր չէ, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ իշխանությունն աշխատում է միան իր համար եւ մնացած կուսակցությունները մղվում են երկրորդ պլան»: