Հանքավանի անտառների ապօրինի հատումների առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով: Գործը վարում է Կոտայքի մարզի քննչական բաժինը: Հոկտեմբերի 2-ին «ԷկոԼուր»-ի աշխատակիցները Կոտայքի մարզի քննչական բաժնում հարցաքննվել են որպես վկաներ:
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 30-ին «ԷկոԼուր»-ի մոնիտորինգային խումբը Կոտայքի մարզի Հանքավանի «Տաք ջրեր» կոչվող տեղամասին հարակից անտառում ականատես էր եղել, թե ինչպես մի երիտասարդ կացնահարում էր անտառի ծառերը: «ԷկոԼուր»-ի խմբին տեսնելով` նա հեռացել էր:
Նշենք, որ այդ անտառը պաշտոնական փաստաթղթերում անտառ չի համարվում եւ արոտավայրի ու գյուղատնտեսական հողերի կարգավիճակով տրվել է Հանքավան համայնքին: 2006թ. այդ տարածքները վաճառվել են անհայտ անձանց: Հանքավանում ավելի քան 500 հա նման անտառներ կան, որոնք պաշտոնական փաստաթղթերում նշված են որպես արոտավայրեր, թփուտներ, գյուղատնտեսական նշանակության հանդեր:




























