Միացյալ ազգերի կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատումների արգելքը խտրականություն է կանանց նկատմամբ ու նվաստացնում է մարդկային արժանապատվությունը, հայտնում է Associated Press–ը:
29 էջանոց զեկույցում ՄԱԿ-ը նաեւ կոչ է արել Իռլանդիային օրինականացնել հղիությունների ընդհատման պրակտիկան ու ապահովել հղիությունն ընդհատելու ժամանակակից բուժակարգեր:
Որպես օրինակ փաստաթղթում բերված է Ամանդա Միլեթի պատմությունը: Կնոջը 2011-ին արգելել էին արհեստական ընդհատել հղիությունը այն բանից հետո, երբ բժիշկները նրան հայտնել են, որ պտուղը սրտի մահացու արատ ունի եւ երեխան մահացած կծնվի: Իռլանդիան թույլատրում է հղիության արհեստական ընդհատումներ միայն այն դեպքում, երբ կնոջ կյանքին վտանգ է սպառնում:
Բոլոր մյուս դեպքերում կինը պետք է կամ ամբողջովին կրի հղիությունը կամ էլ արհեստական ընդհատի այն արտասահմանում:




























