Քաղաքական նոր ուժի ձեւավորումը գրեթե անհնար է: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Եթե խոսքը գնում է պրոյեկտային կուսակցությունների մասին, ապա դա միշտ հնարավոր է: Երկու տարին բավական է, որ նման կուսակցություն ստեղծվի»,-նկատեց քաղաքագետը: Խնդիրն այն է, թե ի՞նչ կոչով կստեղծվի նոր կուսակցությունը եւ որ ընտրազանգվածի «որսը» կիրականացնի:
«Նոր, ռեալ ուժ ձեւավորելու համար պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունեն ռեսուրսներ այդ նոր ուժը ձեւավորելու համար: Սակայն բոլորը զբաղեցրել են իրենց նիշաները քաղաքական դաշտում եւ իրենց համար նոր ուժեր ձեւավորելու կարիք չկա»,-նշեց նա:
Ասուլիսին ներկա մեկ այլ փորձագետ՝ Երվանդ Բոզոյանն էլ ասաց, որ նախ պետք է հասարակական գիտակցությունը փոխել: «Եթե հասարակությունը չգա այն գիտակցության, որ պետք է առկա իրավիճակը փոխել, ապա մեզ սպասում է շատ տխուր ապագա»: Ըստ քաղաքագետի, եթե հասակությունը գա այն գիտակցման, որ պետք է երկրում բան փոխել, ապա ի հայտ կգա նաեւ նոր ուժի ձեւավորման անհրաժեշտությունը: «Ես կարծում եմ, որ այդ ուժի ձեւավորման կարիքը կա: Բայց եթե դա չեղավ, դա կլինի ի վնաս պետության»,-ասաց Բոզոյանը:
Ասուլիսի բանախոսներն անդրադարձան որոշ փորձագետների այն տեսակետին, թե Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսները կառավարվում են դրսից՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից եւ այդ կենտրոններն էլ որոշում են Հայաստանում նոր ուժի ձեւավորման հարցը: Նրանք հորդորեցին չմանրանալ եւ չվուլգրացնել խնդիրը եւ ամեն ինչ չպայմանավորել դրսի գործոնով: «Եթե ես մտածեմ, որ մեր ճակատագիրը կախված է Ամերիկայից, Ավստրալիայից, ապա այլեւս խելք պետք չէ այստեղ ապրելու համար: Դրա համար պետք է սպասել, թե Ավստրալիայում ինչ պետք է որոշեն՝ մեր օրական բորշչի ուտելու քանակի վերաբերյալ եւ նոր ուտել»,-նկատեց Բոզոյանը: Նա ասաց, որ եթե մենք առաջնորդվելու ենք այն սկզբունքով, որ մեր ճակատագիրը պետք է որոշեն Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման, ապա մենք ապագա չունենք:




























