Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Կազակական շարժման բարձրագույն  սպայական կազմը` ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, ՌԴ Մեծ Կազակական եղբայրության ատաման Վալերի Նիկիտինի եւ Բելառուսի գլխավոր ատամանի տեղակալ Վլադիմիր Սաֆոնովի գլխավորությամբ: Սպայական կազմին ուղեկցել է միջազգային հայ-կազակական շարժման հիմնադիր գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը:

Հյուրերին Մայր Աթոռում ընդունել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Նա Գարեգին Բ կաթողիկոսի անունից ողջունել է կազակների այցը Հայաստան, որ տեղի է ունենում հայ-կազակական միության ստեղծման 10-ամյակի առիթով:

Իր հերթին, Հայ-կազակական միության հիմնադիրն իր խոսքում մեծապես կարեւորել է  բանակում հոգեւորականների դերը` ցանկություն հայտնելով նաեւ, որ հայ հոգեւորականներն իրենց հոգեւոր սպասավորությունը բերեն հայ կազակների ծառայության մեջ:

Հանդիպման ավարտին ատաման Վալերի Նիկիտինը Հովակիմ Սրբազանին է փոխանցել ՌԴ Մեծ Կազակական եղբայրության կողմից Վեհափառ Հայրապետին շնորհված Ատաման Բլատովի բարձրագույն շքանշանը:

Հանդիպումից հետո հյուրերն այցելել են Մայր Աթոռի թանգարան: