Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզում մասնակցել է հայկական վերածննդի ժամակաշրջանի հայ մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի 750-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Օրբելյան իշխանական տան եկեղեցանիստ Նորավանքի վանքային համալիրի տարածքում տեղի է ունեցել Մոմիկի թանգարանի բացման արարողությունը: Թանգարանի ցուցադրությանը ծանոթանալուց հետո կայացել է Մոմիկի 750-ամյակին նվիրված պետական հանձնաժողովի հոբելյանական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետին զեկուցել են կառավարական հանձնաժողովի կողմից նախատեսված ծրագրի կատարման ընթացքի եւ հետագա անելիքների մասին։

Վարչապետը Եղեգնաձոր քաղաքում մասնակցել է Մոմիկի 750-ամյակին նվիրված բացօթյա համերգային ծրագրին։ Մոմիկի 750-ամյակի տոնակատարություններին զուգահեռ Վայոց Ձորում տեղի է ունեցել նաեւ բերքի տոն, որը Եղեգնաձորում նշվում է 1965 թվականից ի վեր։ Այս առիթով կառավարության ղեկավարը նշել, որ նման տոնակատարություններն այլեւս պետք է ավանդական դարձնել։ Այնուհետեւ 8 վայոցձորցիներ Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումներին ակտիվ մասնակցելու եւ Վայոց Ձորի մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել են վարչապետի խրախուսանքներին։

Բերքի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդեսում շրջելուց հետո Տիգրան Սարգսյանը հարակից ճեմուղում ծառ է տնկել եւ այցելել Մոմիկի հուշարձանին։

Վարչապետի հաջորդ կանգառը 1968 թվականին կառուցված եւ 1998 թվականին վերանորոգված Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն էր, որտեղ հյուրերին ծանոթացրեցին շրջանում հնագիտական պեղումների գտածոներին։ Մոմիկի ծննդյան տոնակատարություններին նվիրված ծրագրի շրջանակներում պետք է իրականացվի նաեւ թանգարանի ջեռուցումը։  

Տիգրան Սարգսյանն այցելել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան (սբ. Հակոբ եկեղեցի, XIII-XIVդդ.), որտեղ ունկնդրել է երիտասարդ կատարողների կողմից ներկայացվող հայ դասական երաժշտության կատարումներ եւ գրառում է թողել  պատվավոր հյուրերի հուշամատյանում։