Պավլով անունով կորգի ցեղատեսակի շունը Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանն է ավարտել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mashable-ն:
Շունն Instagram-ում էջ ունի, էլեկտրոնային փոստ, հիմա նրան նաեւ հատուկ «շան դիպլոմ» են շնորհել:
Պավլովի տերերը՝ Էնթոնի Օսունան եւ Էլեյն Թրամ Նգուենը, այդ համալսարանում են սովորում եւ աշխատում: Երկուսն էլ հոգեբանություն են ուսումնասիրում, ինչն էլ բացատրում է շան անվան ընտրությունը:
Պավլովը համալսարանում կարիերան սկսել է որպես ուղեկցորդ՝ հյուրերին ցույց տալով գեղեցիկ վայրերը: Metro-ն գրում է, որ շունն ընդամենը 6 շաբաթ է հաճախել համալսարան:
Օսունան եւ Նգուենը նշել են, որ համալսարանը դեռեւս պաշտոնապես չի ճանաչել Պավլովի դիպլոմը, սակայն տերերն արդեն նրա համար ավարտական երեկույթ են կազմակերպել:




























