Եվրոպական հեռարձակողների միությունը Օսլոյում սեպտեմբերի 11-ի նիստում կվերանայի Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության սեփական այն քաղաքացիների նկատմամբ իրականացրած հետապնդումների հարցը, որոնք քվեարկել էին «Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանի ներկայացուցիչների օգտին, գրված է Եվրատեսիլի պաշտոնական կայքէջում։
Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Ժան Ռեվեյլոնը՝ մեկնաբանելով այս հարցը, հայտարարել է, որ միությունը հաշվի կառնի ադրբեջանական կողմի հայտարարությունը։ «Սակայն կարեւոր եմ համարում հատուկ ընդգծել, որ քվեարկության ազատությունը մրցույթի կարեւոր սկզբունքներից մեկն է։ Ձայնի իրավունք ունեցող որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելը անընդունելի է»- ընդգծել է Ռեյվելոնը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը սկսել էր հետապնդումներ իրականացնել Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ։ Ընդհանուր հաշվով, Արշակյան քույրերի համար ձայն էին տվել 43 ադրբեջանցիներ։ 43 ադրբեջացիները կանչվել են ազգային անվտանգության նախարարություն եւ շատ հնարավոր է, որ համապատասխան զրույցներ տարել «քաղաքական կոռեկտության», «էթիկայի» եւ այլ կարեւոր հարցերի մասին, որոնք ադրբեջանցին ոչ մի դեպքում չպետք է արհամարի, բայց այս բոլորը միայն ազգային արժանապատվության եւ գաղափարախոսության տեսանկյունից։




























