ՀՀ ոստիկանությունը պատրաստում է վերաորակել եւ ավելի խստացնել ՀՀՇ երիտթեւի անդամ Տիգրան Առաքելյանին առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել քր.օր.-ի 258 (Խուլիգանություն)հոդվածով, բայց այսօր պարզվել է, որ նրան մտադիր են նոր մեղադրանք առաջադրել 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):

Տիգրան Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը NEWS.am-ին հայտնեց, որ երեկ Տիգրանին է այցելել քննիչը, ծանոթացրել մեղադրանքի ծավալի հետ, իբր նա հուլիսի 1-ին՝ Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքի մասին ծանուցող թռուցիկները բաժանելու ժամանակ ծեծի է ենթարկել իրեն մի քանի անգամ ֆիզիկապես գերազանցող ոստիկան Էրիկ Պողոսյանին:

Մինչդեռ, ինչպես նշում է փաստաբանը, անգամ կադրերից էլ պարզ է, որ հուլիսի 1-ին հենց ոստիկաններն էին հարձակվել եւ դաժան ծեծի ենթարկել հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդներին, իսկ ծեծի արդյունքում երեք երիտասարդ տեղափոխվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այդ երիտասարդներից մեկը Տիգրան Առաքելյանն էր, մյուս երկուսի՝ անչափահասներ Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում «անհեթեթություն» որակեց մեղադրանքը եւ նշեց, որ «ոստիկանությունն իր համար գլուխկոտրուկ է ստեղծել, որի տակից չի կարող դուրս գալ»:
Օգոստոսի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքի երկարացման հարցը: