Մանկատանն ապրող, 18 տարին լրացած եւ ուսում ստանալու ցանկություն ունեցող աղջիկների կյանքի մասին վերջերս նկարահանվել է «Մեր տունը» վերնագրով մի ֆիլմ, որը հոկտեմբերի 4-ին, լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են ֆիլմի ռեժիսորն ու ստեղծագործական թիմի այլ անդամներ:
Ինչպես իր խոսքում նշեց «Մեր տունը» ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Միրզախանյանը, ֆիլմը նպատակ ունի կոտրել մանկատան աղջիկների նկատմամբ հասարկության մեջ եղած այն կարծրատիպերը, թե նրանց պետք է խղճալ:
«Մեր Տունը» ՀԿ-ի առաքելությունը մանկատներից դուրս 18-ից մինչև 23 տարեկան աղջիկներին կրթելն ու դաստիարակելն է, ինչպես նաեւ մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելը:
Ֆիլմի երաժշտության հեղինակը երգահան Մարտին Ահարոնյանն է, իսկ երգը կատարել են մի շարք հայ երգիչներ, այդ թվում Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Անդրեն եւ այլք:
Երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով հաճախ է լինում «ՄԵր տունը» ՀԿ-ում, ասաց. «Աղջիկներին անձնական հարցեր չեմ տվել, սակայն ընդհանուր մեր զրույցից, մտերմությունից, ես հասկացա, որ իրենք իրենց կյանքում ունեն որոշակի բացեր, թերություններ, որոնք լրացնում են միասնական ուժերով»:
Մարտին Ահարոնյանն էլ նշեց, որ մեծ հաճույքով է եղել ֆիլմի գլխավոր հերոսուհու` Լուսինեի եւ Արտավազդի հարսանիքին:
«Մեր տանը», ընդհանուր հաշվով, ապրում են 16 աղջիկներ, որոնցից 6-ը ներկայումս ամուսնացել են եւ ունեն բալիկներ: Մյուս մասն էլ դեռեւս ՀԿ-ում է եւ շարունակում է ուսում ստանալ:
Կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանն ասաց, որ այն աղջիկները, ովքեր դժվարանում են կրթություն ստանալ բարձրագույն ուսումնական հաստատություններում, սովորում են արհեստ, ինչպես նաեւ զբաղվում են տնային տնտեսությամբ:
«Մեր տուն» ֆիլմը շուտով կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ:



























