Խորը ճգնաժամում հայտնված Հայաստանի քիմիական արդյունաբերությունը ելքեր է փնտրում նախկին համբավը վերականգնելու համար։ «Հայկական քիմիական ընկերություն» հ/կ-ն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 4-8-ն անցկացնում է 2-րդ գիտաժողովը՝ «Նոր նյութեր եւ պրոցեսներ» անվանումով։ Գիտաժողովին մասնակցում են բոլոր նախկին քիմիական հսկաները՝ «Նաիրիտ գործարան», Վանաձորի քիմիական կոմբինատ, «Պլաստպոլիմեր» գիտարարտադրական միավորումը, ինչպես նաեւ՝ Արարատի ցեմենտի գործարանը եւ այլն։ Քննարկմանը մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ Բելառուսի գիտնականները:
Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն հանքային հումքի, ինչպես նաեւ բնական ածխաջրածնային եւ նավթանյութերի հումքի հիման վրա նոր նյութերի եւ միացությունների ստեղծման վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները։ Քննարկվում են արդյունաբերական նշանակության միացությունների ու նյութերի ստացման եւ արտադրական պրոցեսների արդյունավետ իրականացման նոր մոտեցումներ։
Երեւանի պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի աբիոնի նախկին վարիչ, դոկտոր-պրոֆեսոր, Նորայր Բեյլերյանը (նա նաեւ մի շարք արտասահմանյան երկրների ակադեմիկոս է) NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ կոնֆերանսների ժամանակ գիտնականները պարզապես իմանում են, թե ով ինչով է զբաղվում։ Գիտնականի կարծիքով՝ ներկայացումից բացի կարեւոր է, որպեսզի նոր հետազոտություների արդյունքերը առեւտրայնացվեն եւ կյանքի կոչվեն։ Սակայն, ըստ Ն. Բեյլերյանի՝ գործարանների ղեկավարները նման կոնֆերանսներին ներկա չեն լինում, ինչը նվազեցնում է գյուտերի պրակտիկի կիրառման հավանականությունը։
«Գործարարն ինքը պետք է գա խնդրի գիտնականին, որպեսզի վերջինս թույլ տա նրան փորձել այս կամ այն հետազոտության արդյունքն իր արտադրությունում։ Եւ ոչ թե մենք պետք է մուրացկանի պես գնանք խնդրենք, թե հարգելի պարոն, այսպիսի բան եմ արել, կբարեհաճե՞ս մի հատ փորձարկել քեզ մոտ»,-ասաց Ն. Բեյլերյանը։
Պրոֆեսորը հեռանկարներ չի տեսնում Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացման ոլորտում, քանի որ ըստ նրա՝ հայաստանյան արդյունաբերությունում որեւէ հետաքրքրություն չկա նոր հետազոտությունների նկատմամբ։
«Մենք ունեցել ենք հսկայական քիմիական արդյունաբերություն, որն այժմ քարուքանդ է արված։ Ոչինչ չի մնացել, միայն «Նաիրիտն» է, այն էլ հաշմանդամ է` տարվա մեջ ընդամենը 3-4 ամիս է աշխատում»,-ասաց Ն. Բեյլերյանը, հավելելով, որ խնդիրներ կան նաեւ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցում։ Բուհերը շարունակում են քիմիայի մասնագետներ պատրաստել, սակայն շրջանավարտներն աշխատանք գտնել չեն կարողանում։



























