Լոնդոնից ու Մելբուրնից հետո մերկ հաճախորդների համար ռեստորան է բացվում նաեւ Տոկիոյում, հայտնում է Mashable: Ի տարբերություն իր բրիտանական ու ավստրալական անալոգների՝ ճապոնական հաստատությունը ծրագրում է չափել ու կշռել պոտենցիալ հաճախորդներին: Նրանք, ում չափից գեր են կհամարեն, չեն թողնի ներս մտնել:

The Amrita-ն սկսում է աշխատանքը հունիսի 29-ին: Ռեստորանը նախազգուշացնում է, որ այն այցելուները, ում քաշը ավելի քան 15 կգ-ով գերազանցում է «միջին» ցուցանիշը, չեն կարող մտնել ռեստորան: Նման մարդկանց խորհուրդ չեն տալիս նախապես տեղեր պատվիրել, քանի որ ռեստորանը մտադիր չէ վերադարձնել մուտքի համար վճարված գումարները:

Բացի դրանից ռեստորանը սահմանել է նաեւ տարիքային սահմանափակումներ: The Amrita կարող են մտնել միայն 18-ից 60 տարեկանները:

Նաեւ հայտնում են, որ հյուրերին տրվելու են թղթե ներքնազգեստներ: Ռեստորանի աշխատակիցները նույնպես մասամբ փակելու են իրենց մարմինները: Հաճախորդներին խոստանում են, որ սպասավորները լինելու են «աշխարհի ամենագեղեցիկ մարմիններով տղամարդիկ»:

Հեռախոսները անհրաժեշտ է հանձնել մուտքի մոտ: Հյուրերին թույլ չեն տալու զրուցել կամ դիպչել մյուս հաճախորդներին: