Մինաս Ավետիսյանի  «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները վերականգնման երկրորդ փուլում են, ինչը նշանակում է, որ աշխատանքները շուտով ավարտին կհասցվեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը։

Նրա խոսքով, ինչպես որմնանկարների վերականգնման առաջին, այնպես էլ երկրորդ  փուլի աշխատանքները գլխավորելու համար Հայաստան է ժամանել իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակուպինին, ով Երեւան կգա նաեւ նոյեմբերի սկզբներին՝ վերականգնողական աշխատանքների երրորդ եւ վերջին փուլն ավարտին հասցնելու նպատակով։

«Ինչ վերաբերում է ռեստավրացիոն աշխատանքների բուն ընթացքին, ապա սրանից մի քանի օր առաջ «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները Գյումրիից բերվեցին Երեւան, որպեսզի աշխատանքները շարունակվեն արդեն արվեստանոցում։ Բովանդակային առումով պետք է հետեւյալն արվի. Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքի պատերից պոկված որմնանկարները պետք է պատվեն հատուկ նյութով, որը մեկ ամսում պետք է հասցնի չորանալ, ինչից հետո կսկսվի վերջին՝ երրորդ փուլը։ Այդ փուլում որմնանկարները կամրացվեն հատուկ այդ նպատակով ընտրված տախտակե հիմքերի վրա, ինչից հետո էլ իրենց ուրույն տեղը կգտնեն կառավարության նիստերի դահլիճում»,- տեղեկացրեց Սոնա Հարությունյանը։

Հարցին, թե բացի իտալացի Ֆաբրիցիո Յակուպինիից, վերականգնողական աշխատանքներին մասնակցե՞լ են, արդյոք, հայ մասնագետներ, մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետը հավաստիացրեց, որ հայ մասնագետներն աշխատանքներին հետեւել եւ մասնակցել են առաջին իսկ վայրկյանից եւ այդպես կշարունակվի մինչեւ որմնանկարների վերականգնողական աշխատանքների ավարտը։
«Երբ Մինաս Ավետիսյանի  «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները գտնվեն իրենց վերջնական հանգրվանում՝ այսինքն՝ կառավարությունում, կպայմանավորվենք նաեւ այցելուների համար կազմակերպվելիք բաց դռների մասին»,- հավաստիացրեց Սոնա Հարությունյանը։

Նշենք, որ վերոնշյալ երկու գործերի վերականգնման համար կառավարությունը «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին շուրջ 20 մլն դրամ է հատկացրել։ Ռեստավրացիայից հետո Մինասի  «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները կտեղափոխվեն կառավարության առաջին շենք՝  խորհրդակցությունների եւ նիստերի դահլիճ։ Մշակույթի նախարարության եւ կառավարության միջեւ ձեռք բերվելիք պայմանավորվածության համաձայն, շաբաթական մեկ անգամ «բաց դռների օր» կհայտարարվի, ինչն էլ Մինասի արվեստի սիրահարներին հնարավորություն կտա տեսնել հեղինակի գործերը։