Ֆրանսիայում մեկնարկել է այս տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Բայց այս տարի ուշադրության կենտրոնում են ոչ միայն ֆուտբոլը, այլեւ քաղաքական եւ սոցիալական մի շարք խնդիրներ:
Առաջնության առաջին օրը հանգիստ չանցավ: Մարսելի ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց ֆուտբոլի անգլիացի երկրպագուների դեմ, որոնք նրանց ուղղությամբ շշեր էին նետում: Ըստ ВBC-ի, Երկրպագուների ֆեդերացիայի ներկայացուցիչ Դեյվ Թոմլինսոնը հայտարարել է, որ անկարգություններին քիչ թվով բրիտանացի երկրպագուներ են մասնակցել, իսկ սադրանքների մի մասի հեղինակը, ցավոք, ֆրանսիացիներն ու ռուսներն են եղել: Նրա խոսքով, ոստիկաններն իրենց սովորականից տարբեր են պահում եւ պատրաստ են ուժ կիրառել ցանկացածի դեմ:
Ահաբեկչությունների սպառնալիքով պայմանավորված անվտանգության խստացված միջոցառումների ֆոնին՝ Ֆրանսիայի բարերին եւ ռեստորաններին արգելել են մեծ էկրանով ցուցադրել Եվրո 2016-ի խաղերը: Ըստ բրիտանական Daily Mail-ի, երկրպագուները ստիպված կլինեն ֆուտբոլ դիտել տանը կամ ոստիկաններով շղթայված հատուկ ֆան-գոտիներում:
Անգլիացի երկրպագուների ժամանումից հետո բախումներ են սկսվել տեղի ուլտրա-աջերի հետ, այդ թվում՝ քաղաքի բրիտանական եւ իռլանդական փաբերում: Երկու երկրպագու ձերբակալվել է:
Իտալական La Stampa-ն էլ գրում է, որ անվտանգության նպատառումներից ելնելով՝ ֆրանսիական հատուկ ծառայություններն արգելել են 3 հազար մարդու մուտքը:
Համաշխարհային լրատվամիջոցները նշում են, որ առաջնությունն անցնում է Ֆրանսիայում զանգվածային գործադուլների ֆոնին: Փարիզ ժամանող երկրպագուներին դիմավորում է աղբի գարշահոտությունը. արհմիությունների ներկայացուցիչները փակում են աղբն այրող կայանները: Գործադուլի են դուրս եկել նաեւ Air France-ի օդաչուները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախազգուշացում է արել գործադուլներով Եվրո 2016-ի անցկացումը խանգարելու փորձերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սակայն ֆուտբոլի իսկական երկրպագուներին, ամեն դեպքում, հետաքրքրում են իրենց սիրելի թիմերի խաղերը: Ֆրանսիական Figaro-ի փոխանցմամբ, Եվրո 2016-ը բացած խաղի՝ Ֆրանսիա-Ռումինիա հանդիպման հանդիսատեսի թիվը ռեկորդներ է սահմանել: TF1 հեռուստաալիքի տվյալներով, խաղին 14.4 մլն մարդ է հետեւել՝ Ֆրանսիայի ազգային հեռուստաալիքի ամբողջ լսարանի 54.8%-ի չափով:
Եվրոպայի առաջնության հետ կապված ժամանցի նոր ձեւեր եւ համակարգչային հավելվածներ են ստեղծվել: Օրինակ՝ Microsoft-ի նոր հավելվածը չկողմնորոշված երկրպագուներին կօգնի սիրելի թիմ ընտրել: Ըստ Softpedia-ի, հարկավոր է պարզապես What-Fan.net կայքում սեփական լուսանկարը ներբեռնել: Վերլուծելով ձեր դիմագծերը՝ ծրագիրը կպարզի, թե, ամենայն հավանականությամբ, դուք որ թիմին կերկրպագեք:
Գերմանիայի կենդանաբանական այգիներում նույնպես այցելուների համար ժամանցի նոր ձեւ են մտածել. ֆուտբոլային փորձագետ-կենդանիները կանխագուշակում են խաղի ելքը: Ըստ գերմանական Die Welt-ի, գուշակներից են նաեւ Դույսբուրգի այգու գորիլաները: Ճաշի ժամին նրանք պետք է ընտրություն կատարեն երկու տուփերի միջեւ, որոնց վրա երկու հավաքականների դրոշներն են պատկերված: Այն հավաքականը, որի դրոշով տուփը կընտրեն գորիլաները, կհաղթեն: Եթե ընտրվեն միաժամանակ երկու տուփերը, խաղի ելքը ոչ ոքի կլինի:
Քյոլնի կենդանաբանական այգին էլ այդ կարեւոր խնդիրը վստահել է Աստրիդ անունով ծովառյուծին: Այն սուզվում է ջրի տակ՝ գնդակը դուրս բերելու. եթե դուրս բերի, Գերմանիայի հավաքականը կհաղթի, եթե ոչ՝ կպարտվի:






































