Հունիսի 13-ին տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի 2016թ առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակում 2016թ.-ին նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպես նախորդ տարիներին, ծրագիրը դարձյալ կընթանա 8 փուլով՝ հունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի եւս «Արի տունը» կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով արիտունցիներին՝ նախարարը նշեց. «Սիրելի երիտասարդներ, ուրախ եմ այսօր ձեզ ողջունել 2016թ.-ի «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար: Կատարվել է ձեր բոլորի երազանքը, այսօր դուք մասնակցում եք մի ծրագրի, որը արդեն 7 տարվա պատմություն ունի: Ծրագիրը իր բնույթով, կազմակերպչական ողջ ծավալով, գրավում, հիացնում է մեր երիտասարդներին եւ օգնում, որ նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը՝ նորից վերադառնալու պայմանով: Ես կարծում եմ, որ դուք այս 14 օրերի ընթացքում ունենալու եք շատ մեծ եւ հետաքրքիր բացահայտումներ, ձեռք եք բերելու ամենակարեւորը՝ ընկերներ եւ բարեկամներ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր իրենց դռները բացել եւ սիրով հյուրընկալել են մեր պատանիներին ու աղջիկներին: Սիրելի երեխաներ հավատացած եմ, որ այս 14 օրերը ձեզ համար հիշարժան են դառնալու: Բարով եք եկել Հայրենիք»:
Նախարարը Հրանուշ Հակոբյանը կարեւորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:
Ազդարարելով «Արի տուն» ծրագրի մեկնարկը՝ ՀՀ սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 14-ամյա Գեւորգ Բաղդասարյանին (Սիրիա) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը եւ հանձնեց պայուսակը:
Այնուհետեւ ցուցարդվեց «Արի տուն» ֆիլմը: Իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին Մարիանա Սահրադյանը եւ Հայկ Եսայանը:
Ծրագրի առաջին փուլին կմասցնակցեն 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 22 մասնակիցները՝ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից եւ ԱՄՆ-ից:



























