Վատիկանին վրդովեցրել է Ալֆրեդ Նոբելի հիմնադրամի որոշումը` բժշկության այս տարվա մրցանակը շնորհել արհեստական բեղմնավորման հեղինակ, բրիտանացի գիտնական Ռոբերտ Էդվարդսին:

Կաթոլիկ եկեղեցու Pro Vita (Կյանքի համար) ակադեմիան, որը բիոէթիկայի ուսումնասիրություններով է զբաղվում անբարոյականություն է համարել Էդվարդսին պարգեւատրելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Եկեղեցու կարծիքով, Էդվարդսի մեղքով այսօր աշխարհում պահվում են միլիոնավոր սառեցված ձվաբջիջներ, որոնց մեծամասնությունն, ի վերջո, մահանում է:

Հենց այդ հանգամանքի պատճառով Վատիկանը in vitro եղանակով բեղմնավորումը համարում է անբարոյական: Էդվարդսի եղանակով առաջին անգամ երեխա է լույս աշխարհ եկել 1978-ին: Մինչեւ այսօր այդ մեթոդով 4,3 միլիոն երեխա է ծնվել աշխարհում:

Նոբելյան մրցանակի գումարն այս տարի եւս կկազմի 10 միլիոն շվեդական կրոն` մոտ մեկ միլիոն եվրո: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում` Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը: