Հայաստանում եւ Վրաստանում մանր արտադրություններին աջակցությունը կարող է օգնել բնակչությանն ապահովել բազմազան, որակյալ եւ ավելի էժան սննդամթերքով: Դրա համար սակայն անհրաժեշտ է կառավարության աջակցությունը, որը կարող է մանր ֆերմերներին օգնել բարձրացնել սեփական արտադրության որակը եւ ավելի հեշտ ներթափանցել շուկա: Հունիսի 15-ին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային Օկսֆամ կազմակերպության պարենային անվտանգության հարցերով տարածաշրջանային մենեջեր Բենուա Տրուդելը:
Մթերային անվտանգության այժմեական խնդիրները քննարկելու համար Թբիլիսիում (Վրաստան) միջազգային համաժողովի շրջանակում հավաքվել են մասնագետներ եւ Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ, որոնք պատրաստ են ներկայացնել իրենց երկրների փորձը:
Բենուա Տրուդելի խոսքով, համաժողովի նպատակն է եւս մեկ անգամ ընդգծել երկրների արտադրության մեջ մանր արտադրողների դերը եւ հասկանալ, թե ինչ քաղաքականություն է անհրաժեշը այդ ոլորտում կայուն զարգացման ապահովման եւ մանր արտադրողների մրցունակության բարձրացման համար: Նրա խոսքով, առաջին քայլերը պետք է արվեն քաղաքական մակարդակում. Հայաստանը, փորձագետի կարծիքով, պետք է վերջապես ընդունի Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը: Արդեն մեկ տարի է` հայ նախարարություններն ուսումնասիրում են այդ ռազմավարությունը եւ եկել է ժամանակը, որպեսզի այն վերջապես ընդունեն:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի տարածաշրջանում պարենային անվտանգության բարձրացում ազգային ռազմավարությունների եւ ֆերմերային մանր արտադրությունների միջոցով» ծրագրի շրջանակում Օկսֆամը Հայաստանում եւ Վրաստանում ընդարձակ հետազոտություն է անցկացրել` պարզելու այդ երկրներում պարենային անվտանգության հիմնական խնդիրները եւ բարելավելու իրավիճակը` նպաստելով տեղական արտադրությանը: Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում աշխատուժի մոտ 50 տոկոսը ֆերմերներ են, իսկ 90 տոկոսը` մանր ձեռնարկատերեր: Այդ բոլոր ֆերմերներին, ինչպես նշել է Բենուա Տրուդելը, պետական աջակցություն է անհրաժեշտ:
Օկսֆամի հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր հերթին նշել է, որ «Հարավային Կովկասի տարածաշրջանում մթերային անվտանգության բարձրացումը ազգային ռազմավարությունների եւ ֆերմերային մանր արտադրությունների միջոցով» ծրագիրն առաջին անգամ այսպես կոչված գենդերային առումով զգայուն է դարձել. Հարավային Կովկասի երկրներում ֆերմերների մեծ մասը կանայք են, եւ ծրագիրը, ինչպես նաեւ համաժողովը, կին ֆերմերների խնդիրները բարձրացնելու եւ նրանց աջակցող ռազմավարություններ մշակելուն օգնելու հրաշալի հնարավորություն է:
Մարգարիտա Հակոբյանը նաեւ նշել է, որ Հայաստանում հավանաբար ավելի քիչ են բերրի հողերը, քան շատ այլ երկրներում, սակայն հողի ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է առկա հողերն ավելի արդյունավետ օգտագործել, ինչը կօգնի որակյալ սննդամթերք ստանալ, որն անհրաժեշտ է երկրի բնակչության համար, ինչպես նաեւ բարձրացնել տեղական արտադրության մակարդակը:
Նշենք, որ պարենային անվտանգության եւ սննդի հարցերով համաժողովը Թբիլիսիում մեկնարկել է հունիսի 15-ին եւ 2 օր կտեւի:





























