Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ֆուտբոլի ընկերական խաղում աչքի է ընկել ոչ մարզական վարքով: Նա հարվածել է մրցակցի սեռական օրգաններին, հաղորդում է արգենտինական C5N հեռուստաալքիը:

«Մորալեսի հավաքականի» եւ նրա նախկին քաղաքական դաշնակիցների` «Շարժում առանց վախի» կուսակցության անդամների թիմի խաղը նվիրված է եղել Սապատա քաղաքում արհեստական խոտածածկով ստադիոնի բացմանը: Մորալեսը խաղային դրվագում հարվածել է Դանիել Կարտախենային, որը դրանից մի քանի րոպե առաջ հարվածել էր նախագահի սրունքին:

Մրցավարն այդ պահը չի նկատել, իսկ ոստիկանությունը խաղից հետո փորձել է ձերբակալել Կարտախենային երկրի ղեկավարին վնասելու փորձի համար: Ի վերջո, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել Կարտախենայի համար, նա ազատ է արձակվել: Իսկ նախագահը մի քանի օր ստիպված կլինի սառույց դնել ոտքին: