Թերթի հարցերին պատասխանում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Ի՞նչ առանձնահատկություններ են ունենալու հերթական ընտրությունները՝ հաշվի առնելով, որ կուսակցական է ՀՀ նախագահը՝ ի տարբերություն նախորդ՝ անկուսակցական նախագահի։

Նախագահի կուսակցական լինելը հնարավորություն է տալիս ավելի լիարժեք մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ի՞նչ առանձնահատկություններ կարող են լինել հերթական ընտրություններում՝ դժվարանում եմ ասել, քանի որ դեռ տեւական ժամանակ կա, եւ դեռ շատ ջրեր կհոսեն։

Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն բացարձակ գերակայություն ունենա՝ իբրեւ նախագահի կուսակցություն։

Ամեն ինչ կորոշեն ընտրությունները, այնպես որ ոչինչ բացառված չէ, բայց Սերժ Սարգսյանը քաղաքական գործընկերության կողմնակից է, նա ոչ միայն ՀՀԿ նախագահն է, նա ՀՀ նախագահն է, եւ համոզված եմ՝ իբրեւ լիդեր, իբրեւ քաղաքացի թե՛ իշխանության ներսում, թե՛ երկրում քաղաքական բազմակարծության կողմնակից է։

Հայաստանի երիտասարդ ու հեռանկարային քաղաքական գործչի համարում ունեցող մարդը ինչպե՞ս է տեղավորվում ԱԱԽ քարտուղարի նեղ պատյանի մեջ։

Շատ լավ, շատ հարմար։ Մեր պատյանն այդքան նեղ չէ, ինչքան կարող է թվալ, պարզապես ամբողջությամբ հրապարակային չէ մեր գործունեությունը։

Ձեզ ազատ աքսորում չե՞ք զգում։

Անհեթեթություն։ Ես ինձ շատ լավ եմ զգում այս պաշտոնում, պետական-հասարակական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող պաշտոն է սա, որ ինձ հնարավորություն է տալիս պետության կյանքում կարեւորագույն խնդիրների լուծմանը թե մասնակցել, թե նպաստել։

Ինչո՞վ եք բացատրում, որ բարձր պաշտոնյաներից, ում ուզում են աշխատանքից ազատել, լիաշուրթ շրջանառվում է Ձեր անունն իբրեւ նրանց հաջորդ:

Ասեկոսեներ եւ բամբասանքներ։ Ես ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն եմ, դա այն աշխատանքն է, որ անում եմ հաճույքով, հետաքրքրությամբ ու բացարձակ ոչ մի ցանկություն չունեմ այլ աշխատանքով զբաղվելու։