Օգոստոսի 26-28-ը Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն աշխատանքային այց է կատարել ԼՂՀ, որտեղ հանդիպումներ են կայացել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի, ինչպես նաև ԼՂՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հետ։ Այցի նպատակը միջազգային կառույցներում ԼՂ ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված առավել գործուն մեխանիզմների համատեղ մշակումն ու քննարկումն է եղել, ինչպես նաև միջազգային կառույցներում ԼՂՀ ժողովրդի իրավունքի հարցերի առավել ընդգրկուն ներկայացումը։
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից, Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են խնդիրներ, որոնք կօգնեն էլ ավելի արդյունավետ դարձնել միջազգային կառույցներում, որտեղ ներկայացված է Հայաստանը, ԼՂՀ ճանաչման գործընթացը, ինչպես նաև ԼՂ հիմնախնդիրն իր բոլոր ասպեկտներով ներկայացնելու հարցերը։ Քննարկվել են նաև միջազգային կառույցներում արցախյան հիմնախնդրի ներկայացման շուրջ հայկական և ղարաբաղյան կողմերի միջև առավել համակարգված աշխատանքի հետ կապված խնդիրներ։
Նաիրա Զոհրաբյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ մոտ ժամանակներս խորհրդարանում ստեղծվելու է միջազգային կառույցներում ներկայացված ՀՀ ԱԺ պատվիրակությունների համակարգող մարմին, որի աշխատանքներին մասնակցելու համար պարբերաբար կհրավիրվեն ԼՂՀ ներկայացուցիչները՝ արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ միջազգային կառույցներում հնչեցվելիք դիրքորոշումների քննարկման համար։



















