Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող Մակեդոնիայի ԱԳ նախարար Անտոնիո Միլոշոսկին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում պատասխանել է Ադրբեջանի պատգամավորի հարցին:

Ադրբեջանցի խորհրդարանական Ռաֆայել Հուսեյնովը կրկին խոսել է ԵԽ անդամ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնձգության մասին:  

«Տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռմխելիությունը որպես գերագույն սկզբունքներ, պետք է պահպանվեն ոչ միայն Ադրբեջանի դեպքում, այլեւ ողջ աշխարհում: Ցավոք, նման իրավիճակ կա ԵԽ անդամ-պետությունների միջեւ: Մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը կարգավորվի դիվանագիտական եղանակներով: Այդ իմաստով, կա թեեւ փոքր, բայց առաջընթաց: Դա բխում է ինչպես երկու ժողովուրդների, այնպես էլ ԵԽ շահերից»,- ասել է Միլոշոսկին:

Նշենք, որ ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավարն, իր հայտարարությամբ, հայտնվել է, մեղմ ասած, անհեթեթ վիճակում: Խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի «սրբության» մասին, նա ոչինչ չի կարողացել ասել, թե ինչու ԵՄ 25 անդամ երկրները, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը, չեն հիշել Սերբիայի տարածքային ամբողջականության մասին: