Ադրբեջանը հերթական անգամ պետական մակարդակով ոտնահարում է մարդու իրավունքներն ու հիմնարարար ազատությունները՝ խոչընդոտելով եվրոպական լրագրողների ազատ տեղաշարժին եւ խոսքի ազատությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանի եվրոպացի բարեկամները»:
Հայտարարությունում նաեւ ասվում է
«Ընդ որում, Ադրբեջանի համար նման պրակտիկան ոչ միայն սովորական է, այլեւ դարձել է մամուլում հպարտանալու առիթ: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ նախօրեին տեղական մամուլում արված հայտարարության մասին է առ այն, որ մոլդովական TV7 հեռուստաընկերության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռացվել է աշխատանքից այս տարվա մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կատարած լրագրողական այցի եւ պատրաստած ռեպորտաժի համար:
Դեպքի առնչությամբ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան հասարակական կազմակերպությունը իր խիստ մտահոգությունն է հայտնում՝ հորդորելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ EuFoA-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել միջադեպի մասով որոշակի հանգամանքներ: Այսպես, Մոլդովական TV7 հեռուստաընկերության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռուստաընկերության օպերատորի հետ միասին ճամփորդել է ԼՂՀ EuFoA-ի հրավերով՝ հեռուստաընկերության ղեկավարությունից համաձայնություն ստանալով: EuFoA-ն իր մեդիա քաղաքականության եւ կանոնակարգերի համաձայն որեւէ տեսակի ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չի ունեցել այցի ընթացքում հավաքվող եւ հետագայում խմբագրվող տեղեկատվության վրա: Ուստի մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը, կանխավ հաստատելով լրագրողական այցի վայրը եւ նպատակը՝ ազատում է աշխատանքից լրագրողին՝ գործարքի մեջ մտնելով Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ եւ կասկածի տակ դնելով Մոլդովայի մամուլի ազատության մակարդակը:
EuFoA-ն նկատում է, որ այս քայլով ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է կատարում սահմանափակել միջազգային հարթակներում Արցախի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման փորձերը, ինչպես նաեւ ջանում է վախ սերմանել մոլդովացի եւ արտասահմանյան լրագրողների շրջանում` բացառելով նրանց հետագա հնարավոր այցերը Արցախ: EuFoA-ն պատրասվում է այս միջադեպը ներկայացնել միջազգային բարձր հարթակներում եւ իրավապաշտպան կառույցներում՝ լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու եւ Ադրբեջանի հանցավոր ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով. ճիշտ այն ռեժիմի, որը թույլ է տալիս իրեն խախտել մարդու իրավունքները ու սահմանափակել հիմնարար ազատությունները այսպես հրապարակային ու այսքան ցինիզմով` այսպիսով ծաղր ու ծանակի ենթարկելով նաեւ Եվրոպական Միությունն ու վերջիններիս սկզբունքներն առհասարակ:





























