Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան նամակ է հղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԽԽՎ` մշտական եւ մոնիտորինգային հանձնաժողովի անդամներին եւ Եվրոխորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, որտեղ անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Հելսինկյան Ասոցիացիան կցանկանար եւս մեկ անգամ Ձեր ուշադրությունը հրավիրել հրատապ խնդիրների վրա, որոնք շարունակում են բացասաբար ազդել Հայաստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի վրա:

2008 թվականի նախագահական ընտրություններից եւ դրան հետեւած խաղաղ ցուցարարների գնդահակարումից հետո, ամբողջ միջազգային հանրության հրատապ պահանջները, որոնք արտացոլված են հատկապես ԵԽԽՎ-ի` գործին վերաբերող որոշումներում, ճշմարիտ, անկախ հետախուզության անցկացումն է, պարզելու կոնկրետ հանգամանքները, որոնք բերել են Մարտի 1-ի իրադարձություններին, որոնցից են 10-ը մարդու սպանությունը, նաեւ պահանջը ազատելու շինծու մեղադրանքներով եւ քաղաքական միտումներով ձերբակալված մարդկանց:

Հելսինկյան Ասոցիացիան վկայում է, որ երկուս ու կես տարվա խոստումները եւ տարբեր տիպի ձեւականությունները տվյալ գործով հանգամանքները ճշտելու գործում եւ այդպիսով արդարության վերականգնումը, ոչ մի էական առաջընթաց չեն գրանցել, պատասխանատվության չեն ենթարկվել տասը անմեղների մահվան պատասխանատուները եւ հանցագործության իրական կազմակերպիչները: Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ մերժել են մահացածների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքները պարզելու մարդասպանների ինքնությունը: Քաղբանտարկյալների մի խումբ դեռ բանտերում է, եւ քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումը դեռ շարունակվում է: Բանտերում կալանավորների եւ դատապարտյալների պահման պայմանները, չհամապատասխանելով եվրոպական որեւէ չափանիշի, մնում են վատ,  խոշտանգումները ոստիկանական բաժանմունքներում եւ բանակում պատճառ են դառնում մահվան դեպքերի եւ չեն բացահայտվում, որը կրում է մշտական բնույթ: Դատարանները, կատարելով դատախազության եւ իշխանությունների պատվերը, չեն իրականացնում արդարադատություն:

Հելսինկյան Ասոցիացիան ընդգծում է, որ անպատիժ մնացած խախտումները խթանում են անպատիժ մնալու համոզվածությունը եւ նպաստում դրանց շարունակմանը: Ասոցիացիան հավատում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայությունը ամեն տեղ, այդ թվում նաեւ Հայաստանում, անհնարին է առանց մարդու իրավունքների խախտումների մերկացման եւ դրանցում մեղավորների պատժման:   

Հաշվի առնելով վերը նշվածը` Հելսինկյան Ասոցիացիան խնդրում է ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին այցելել Երեւան որքան հնարավոր է շուտ եւ հետազոտել Հայաստանի համապատասխանությունը Եվրոպական Խորհրդի պահանջներին: Սա հարկավոր, բայց հետաձգվող քայլ է, որը հնարավորություն կտար վեհաժողովին ընդգրկելու ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը իրենց մյուս նիստի օրակարգում եւ կհիշեցնի Հայաստանի իշխանություններին մոնիտորինգային ընթացակարգի ամբողջ լրջության մասին»: