Այսօր` հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարվեց «ՌեԱնիմանիա 2010» միջազգային անիմացիոն մրցույթի հաղթողների անունները:
Մերի Կյուրեղյանի «Արեւը եւ խավարասերը» անիմացիոն ֆիլմի սցենարը մրցանակ ստացավ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: Մրցանակը ֆինանսավորման տեսքով էր:
«Մերիի սցենարը կնկարահանվի «ՌեԱնիմանիայի», Մշակույթի նախարարության եւ Ազգային կինոկենտրոնի հսկողության տակ: Նա անձամբ գումար չի ստանում: Կտրամադրվեն «ՌեԱնիմանիայի» շրջանակներում աշխատող անիմատորներ, ովքեր իր սցենարը կհասցնեն որակյալ արդյունքի: 2011 թվականին, Աստված տա, կտեսնենք ֆիլմը»,-ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:
Իսկ «Տաղանդների որսը» մրցույթում հաղթեցին երեք երիտասարդներ` Լիլիթ Չուչին, Զաքարը, Դավիթ Աշոտյանը, ովքեր հնարավորություն ստացան «Քասաջ» ստուդիայում 9 ամիս տեւողությամբ անիմացիոն ֆիլմերի անվճար դասընթացներ անցնել: Հանդիպմանը մրցանակ հանձնվեց նաեւ բեմադրիչ, նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Նա պարգեւատրվեց Մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Նշենք, որ «ՌեԱնիմանիա 2010» միջազգային անիմացիոն կինոփառատոնը ավարտվել էր սեպտեմբերի 13-ին, սակայն ինչպես իր խոսքում նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, ամփոփիչ ասուլիսը կազմակերպվել է փառատոնի ավարտից երկու շաբաթ հետո, որովհետեւ կազմակերպիչները սպասում էին արձագաքների միջազգային մասնագետների եւ հանրության կողմից:



























