Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում առաջին անգամ կկանգնեցվի հուշարձան՝ հայ փրկիչներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի (IRWF) տնօրենների խորհուրդը որոշել է, որ առանձնահատուկ հուշարձան պետք է կանգնեցվի` նվիրված հրեաների կյանքը փրկած հայերին, ինչպես նաեւ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին նացիստների հալածանքների զոհ դարձած ազգային մյուս փոքրամասնություններին:
Հուշարձանն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում եւ տեղադրվելու է սիմվոլիկ մի վայրում՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այն նվիրված է լինելու բոլոր այն խիզախ հայերին, տղամարդկանց ու կանանց, որոնք վտանգելով սեփական կյանքը փրկել են հետապնդվող հրեաներին: Դեռ 14 հայ է պաշտոնապես ճանաչվել որպես փրկիչ: Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը այս նախաձեռնությամբ ցանկանում նաեւ հայնաբերել անհայտ մնացած հայազգի փրկիչներին՝ թույլ տալով ըստ հավուր պատշաճի ուսումնասիրել ու ներկայացնել նրանց պատմությունները:
Նշենք, որ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի (IRWF) գլխավոր նպատակն է ուսումնասիրել, փաստագրել ու հրապարակել Հրեական Ողջակիզման զոհերին փրկած խիզախ մարդանց ժառանգությունը: Անցած սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի օրը, հիմնադրամը նոր էջ բացեց, որը նվիրված է լինելու Հայոց Ցեղասպանության հետազոտմանն ու ուսուցմանը, նրա մշակույթին եւ ժառանգությանն, ինչպես նաեւ հայ փրկիչների ժառանգությանը:
Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում 130 հազար հայ է բնակվում:





























