Բահրեյնի կառավարությունը երկրի ներքին գործերի նախարարի առաջարկով համաձայնել է թագավորության հպատակությունից զրկել շիա հայտնի հոգեւոր առաջնորդ Իսա Ահմեդ Կասեմին, ասված է Բահրեյնի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Բահրեյնի իշխանությունները իրենց որոշումը բացատրել են նրանով, որ շիա քարոզիչը  «բահրեյնյան հպատակությունն օգտագործել է օտարերկրյա կրոնաքաղաքական օրակարգ իրականացնող կազմակերպությունների ստեղծման համար»:

Նախարարությունից պարզաբանել են, որ Կասեմը հպատակությունից զրկվել է օրենքի տասներորդ հոդվածին համապատասխան, որն իշխանություններին թույլ է տալիս նման քայլի դիմել «թագավորության շահերին վնաս հասցնելու դեպքում»:

Իրավապահների պնդմամբ, շիա առաջնորդն իբր առանցքային դեր է խաղացել Բահրեյնում ծայրահեղական կրոնական միջավայր ստեղծելու գործում եւ նպաստել է բահրեյնյան հասարակության  կրոնական պառակտմանը, ելնելով օտարերկրյա շահերից, ինչը երեւում է նրա ելույթներից եւ հավատացյալներին խորհուրդներից: 

ՆԳՆ-ից հայտնել են, որ նա մշտապես կապ է պահպանել օտարերկրյա կազմակերպությունների եւ Բահրեյնին թշնամաբար տրամադրված կողմերի հետ: Բացի այդ, հոգեւոր առաջնորդի հաշվին անհայտ ծագման տասը մլն դոլար է հայտնաբերվել: 

Անցած շաբաթ Բահրեյնի ոստիկանությունը ստուգայցեր է իրականացրել մի շարք շիա կրոնական կազմակերպությունների աշխատասենյակներում, դրանց ղեկավարներին ձերբակալելով անօրինական միջոցներ ստանալու կասկածով: Այդ կազմակերպությունների բանկային հաշիվները սառեցվել են: Այդ ժամանակ շեյխ Կասեմի հաշվին  անհայտ ծագման տասը մլն դոլար է հայտնաբերվել:  Իշխանությունների կողմից շիա բոլոր հայտնի կրոնական կազմակերպությունների վրա հարձակումը սկսվել է Պարսից ծոցի երկրներում ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության` «Ալ-Ուիֆակի» փակվելուց հետո:

Բահրեյնի իշխանությունները կարծում են, որ այդ բոլոր կազմակերպություններին աջակցում է Իրանը, որը փորձում է հակամարտություն հրահրել թագավորությունում շիաների եւ սուննիների միջեւ` սուննի ուղղության իսլամ դավանող թագավորական ընտանիքին գահընկեց անելու համար: