Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի  ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, եւ երկու երկրների միջեւ ձեւավորված օրինակելի համագործակցության մասին են վկայում ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, այլեւ ֆրանսիական գործարար շրջանակների լայն ներգրավվածությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում մեծ ներդրում ունի ֆրանսահայ համայնքը, եւ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգալից վերաբերմունքի համար:

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է տիկին Վասալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագոր¬¬¬ծակցության զարգացման տեսանկյունից եւ ընդգծել, որ այն տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ է պարունակում: Վարչապետը նշել է, որ ՀՀ շուրջ 2 տասնյակ շրջաններ եւ համայնքներ, ներառյալ` Երեւանը, արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների ու շրջանների հետ, որոնց թվում է նաեւ հայաշատ Մարսելը, եւ պատվիրակության այցը կխթանի երկկողմ ապակեն¬տրոնացված համագործակցության խորացումը:

Իր հերթին տիկին Վասալը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան եւ բավական տպավորված է մեր երկրում արձանագրված զգալի առաջընթացով: Նա նշել է, որ այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Էջմիածնում եւ մասնակցել «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որը գործում է «Բարձունք 5165» ֆրանսահայ կազմակերպության (Մարսել) հովանավորությամբ, ապա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջեւ համատեղ ծրագրերի ընթացքից եւ ընդգծել, որ դեպարտամենտը շարունակելու է աջակցել Հայաստանին զարգանալ եւ հզորանալ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի հետագա ծրագրերի մշակմամբ եւ իրականացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ 2016 թ. ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ նախահարձակ գործողություններին: ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսեւորումն էր, եւ հայկական զինված ուժերն արժանի հակահարված հասցրին հակառակորդին: Երկուստեք անընդունելի են համարվել Արցախի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողությունները եւ կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում: