Երկուշաբթի Լոնդոնի քրեական դատարանում սկսվել է բրիտանացի խորհրդարանական Ջո Քոկսի սպանության գործի դատավարությունը, նրա սպանության համար մեղադրվող Թոմաս Մեյրը կարճ ժամանակով կանգնել է դատարանի առաջ իր անձը հաստատելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի համայնքների պալատի անդամ Ջո Քոկսը հինգշաբթի վիրավորվել մի Անգլիայի հյուսիսում` Արեւմտյան Յորքշիրում Լինդսի մոտակայքում գտնվող մի փոքրիկ քաղաքի գրադարանում: Պատգամավորը, որը երկու փոքրիկ երեխա է թողել, հանդիպումներ էր անցկացնում ընտրողների հետ: Ոստիկանության եւ բժշկի գալու պահին կինը գիտակից էր, պնդում են ականատեսները: Նա մահացել է ավելի ուշ` հիվանդանոցում, դանակով հասցված եւ հրազենային վնասվածքներից:
Նախօրեին նրա սպանության համար մեղադրանք է ներկայացվել 52-ամյա Թոմմի Մեյրին: Նրան նաեւ մարմնական ծանրագույն վնասվածքների, հրազեն եւ հարձակման համար զենք պահելու մեղադրանք է ներկայացվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեյրը հոգեկան հիվանդությամբ է տառապում:
Երկուշաբթի Լոնդոնի Օլդ Բեյլիի կենտրոնական քրեական դատարանում սկսված դատավարության ընթացքում Մեյրը, որն ավելի վաղ վարչական դատարանում հրաժարվել էր իր անունն ասել, տեսակապով հաստատել է իր ինքնությունը: Շաբաթ Վեստմինստրի մագիստրատական դատարանի դատավորի` իր անունը հաստատելու խնդրանքին ի պատասխան, ասել էր. «Իմ անունն է. մահ դավաճաններին, ազատություն Բրիտանիային»: Իր տարիքը եւ հասցեն հայտնելու խնդրանքին ի պատասխան Մեյրը լռել էր:





























