Հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված դրական քայլեր են ձեռնարկվել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դրական քայլերի թվում ամերիկացի դիվանագետը նշել է նախագահների համատեղ հայտարարությունը: «Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատենք բանակցությունների հիման վրա»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, այնուհետեւ կայացել է նախագահների եռակողմ հանդիպում: Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է հրապարակվել:





























