Հայկական խորհրդարանում սկսվել են «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկումները։
Ինչպես հայտնել է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ժամանակի հրամայականն է, քանի որ Ստեփանակերտը ԼՂ անկախությունը ճանաչելու կոչով արդեն իսկ դիմել է միջազգային հանրությանը։
«Հայաստանը միջազգային հանրությանը պետք է ներկայացնի իր հստակ դիրքորոշումը։ Աշխարհը պետք է տեսնի, որ բացի խոսքից, կա նաեւ գործ եւ ռազմավարություն։ Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչեինք դեռ 1992-ին, երբ անցկացվեց ԼՂ անկախության հանրաքվեն, 94-ին, երբ հրադադարի ռեժիմ հաստատվեց»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն իր մեջ ավելի քիչ վտանգ է պարունակում, քան այն չճանաչելը։ «Չեմ կարծում, որ Երեւանի կողմից ԼՂՀ ճանաչումը ինչ-որ կերպ կազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքերի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի վրա, քանի որ դրանք փակուղում են»,- նկատեց Հովհաննիսյանը։





























