ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը  Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում Ռուսաստանին մեղադրել է 1997 թվականի Համագործակցության եւ անվտանգության հիմնարար ակտը խախտելու համար, հայտնում է  Gazeta-ն: 

«Ռուսաստանը չի հետեւում այդ փաստաթղթի դրույթներին, որի կարեւորագույն սկզբունքներից մեկը բոլոր պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային անվտանգությունը հարգելն է: Ռուսաստանը չի հարգում Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ի թիվս այլ բաների, Հիմնարար ակտը սահմանափակումներ է նախատեսում ռուսական ռազմական ներկայության համար, սակայն դա եւս էականորեն ավելացվել է», — հայտնել է Սթոլթենբերգը:  

Գլխավոր քարտուղարի խոսքով, դաշինքն արձանագրել է ռուսական սպառազինության ավելացում Կալինինգրադում, Ղրիմում, Բարենցի, Բալթիկ եւ Սեւ ծովերի շրջանում, ինչպես նաեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: 

Սթոլթենբերգը նաեւ ընդգծել է, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ի զորքի տեղակայումը նախատեսված է հնարավոր հակամարտությունները կանխելու համար: 

«Ուժեղ պաշտպանությունը, զսպումը եւ ՆԱՏՕ-ի վճռականությունը. ահա հակամարտությունները կանխելու լավագույն միջոցը», — ասել է գլխավոր քարտուղարը` հավելելով, որ ՆԱՏՕ-ն «շեշտը դնում է» նաեւ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության վրա: