Հոնկոնգի իշխանությունները մտադիր են 2021 թվականին փղոսկրի առեւտրի լիակատար արգելք մտցնել: Առեւտրական կետերի տերերին, որոնցում դեռեւս մնացել են համապատասխան արտադրանքի պահուստներ, հինգ տարի է տրվում սեփական հայեցողությամբ այդ ապրանքից ազատվելու համար: Միաժամանակ նրանք չեն կարող որեւէ փոխհատուցման հույս ունենալ, հայտնում է South China Morning Post-ը:

Փղոսկրի առեւտուրն ամբողջ աշխարհում արգելվել է դեռեւս   1989-ին: Սակայն Հոնկոնգի հին իրերի կրպակներում եւ մասնագիտացած խանութներում բազմաթիվ համապատասխան արտադրանքներ են   «թափված», որոնք իբր օրինական ծագում ունեն եւ վաճառվում են արտոնագրով, լիովին օրինական հիմունքներով

Բրիտանական նախկին անկլավը վաղուց համարվում է փղոսկրի` Աֆրիկայից դեպի գլխավոր շուկա` մայրցամաքային Չինաստան մատակարարման փոխաբեռնման կետ: Այնտեղ վարպետ կտրողների շնորհիվ արժեքավոր նյութը վերածվում է շքեղ զարդարանքների եւ աքսեսուարների, որոնք գնահատվում են հարուստ մարդկանց եւ կոլեկցիոներների կողմից: Հոնկոնգի կոնտեյներային նավահանգստում փղոսկրի առեւանգման դեպքեր այսօր էլ են տեղի ունենում: 

Բնապահպանական կազմակերպությունները բազմիցս դիմել են տեղի իշխանություններին` կոչ անելով ավելի մեծ ջանքեր գործադրել` թանձրամորթ հսկաներին  վերացումից փրկելու: Եվ երեւում է` կառավարությունը լսել է նրանց եւ այդ երեւույթի դեմ վճռական պայքարի է տրամադրվել: 

«Ամեն տարի որսագողերի ձեռքով գրեթե հարյուր փիղ է սպանվում: Դանդաղել չի կարելի:  Մենք օրենսդիրների հետ աշխատում ենք` փղոսկրի առեւտրի արգելք մտցնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու», - հայտնել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հոնկոնգի բաժանմունքի ներկայացուցիչ Չերիլ Լոն: 

Իմիջիայլոց, տեղի իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստում:  2014-ի մայիսին Հոնկոնգում մեկնարկել է տեղի մաքսատան կողմից տարբեր ժամանակներում առգրավված մաքսանենգ փղոսկրի բոլոր պահուստների ոչնչացման լայնածավալ գործողություն: Ընդհանուր առմամբ հատուկ վառարան է ուղարկվել մոտ   30 տ արտադրանք եւ ժանիք, որոնք նախապես մասերի էին բաժանվել:  «Կիզման» այդ գործընթացը մեկ տարուց ավելի է տեւել: