Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա: Այս մասին, հունիսի 21-ին, ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է այդ կառույցում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Երեկ աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը, մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք եւ մտածենք, օր, երբ պետք է գործենք եւ հոգ տանենք:

Միգրանտների եւ փախստականների խնդիրը վերաբերում է ողջ Եվրոպային, եւ մեր բոլորի համար թիվ մեկ եւ ամենադժվար խնդիրը միգրանտներին «ոչ տանը լինելու» զգացողությունից ազատելն է: Նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, որ միգրանտները կամ փախստականները, ինչպես էլ մենք անվանենք նրանց, սովորական մարդիկ են, մարդիկ, ովքեր հարկադրված լքել են իրենց հայրենիքը եւ հանգամանքների բերումով բնակություն հաստատել օտար պետություններում: Օտար երկրում նրանք ինտեգրվելու խնդիր ունեն, խնդիր ունեն ընդունելու նոր երկիրը եւ ընդունվելու այն նորի կողմից: Իմ ժողովուրդի պատմությունը նույնպես փաստում է այդ մասին. հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները եւ նոր ապաստան գտնել օտար երկրներում, որպեսզի փրկեն իրենց կյանքը կոտորածից: Հարյուր տարի առաջ նրանք տեղահանվել են` թուրքերի կողմից կատարված Ցեղասպանության պատճառով:

Այսօր շատ փախստականներ բնակություն են հաստատել եվրոպական շատ երկրներում, եւ ճիշտ ժամանակն է, որպեսզի աշխարհը այս կարիքավոր մարդկանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերի: Իմ երկիրն ապաստան է տվել շուրջ 30.000 փախստականների: Հայաստանն այն երկիրն է, որն ընդունել է մի շարք օրենսդրական կարգավորումներ՝ այս մարդկանց գործարար ոլորտում տալով  արտոնություններ` լիարժեք ինտեգրվելու նպատակով: Մեր կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանում ապաստան գտած մարդկանց կյանքի նորմալ պայմաններն ապահովելու նպատակով:

Եվրոպական շատ երկրներ են ապաստան տվել փախստականների, եւ այժմ էլ բարձրացնելով նրանց անվտանգության ապահովման մասին այս նուրբ հարցը` մենք ի ցույց ենք դնում միգրանտների նկատմամբ մեր բոլորի կողմից հոգատարությունը: Սա բնական է, բոլորս էլ մարդ ենք:

Սակայն, Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն՝ Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանք քաղաքական շահարկումների եւ անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարեւան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյոք սա ընդունելի՞ պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ ՝ ոչ:

Զեկուցողը լավ աշխատանք է կատարել: Հունաստանն այսօր ունի մեր աջակցության կարիքը, Հունաստանի միգրացիոն ծառայությունն ունի մեր աջակցության կարիքը: Փախստականներին, հատկապես միգրանտ կանանց եւ երեխաներին պաշտպանելու անհրաժեշտություն կա»: