Գերմանիայում դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի հայցը Գերմանիայի խոշորագույն հրատարակչատներից մեկի` Axel Springer-ի ղեկավար Մաթիաս Դեպֆների դեմ հումորիստ Յան Բեմերմանին աջակցելու համար, հայտնում է Ռոյթրզը:
Գերմանացի հումորիստ եւ հեռուստահաղորդավար Բեմերմանը մարտի 31-ին հասարակական-իրավական ZDF հեռուստաալիքի եթերում Neo Magazin Royalе հաղորդման ընթացքում Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի հասցեին բանաստեղծություն էր կարդացել: Դրանում Թուրքիայի նախագահին սեռական այլասերումներ եւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության հասցեին հարձակումներ էին վերագրվում:
Ի պատասխան, Թուրքիայի կառավարությունը բանավոր նոտա էր հղել Բեռլին` պահանջելով քրեական հետապնդում սկսել հեռուստահաղորդավարի նկատմամբ, որն իբր վիրավորել էր Էրդողանին: Հետագայում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ կառավարությունը Բեմերմանի նկատմամբ հետաքննության թույլտվություն կտա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը դատի է տվել Դեպֆներին, որն ապրիլին Welt am Sonntag թերթին ուղղված բաց նամակում գրել էր, որ Թուրքիայի առաջնորդի հասցեին հումորիստ Յան Բեմերմանի բանաստեղծությունն իրեն շատ է ծիծաղեցրել եւ որ ինքը «ամբողջությամբ աջակցում է Բեմերմանի ձեւակերպումներին եւ վիրավորանքներին»:





























