Մայիսին նախնական տվյալներով Հայաստանից արտահանման ծավալները տարեկան կտրվածքով 8.4 տոկոսով աճել են։ Պաշտոնական տվյալներից դատելով՝ առանձին ամիսներին ավելի տպավորիչ ռեկորդներ են  գրանցվել։ Այսպես՝ փետրվարին աճի տեմպը հասել է գրեթե 135 տոկոսի։ Սակայն հունվար–մայիսի աճն ավելի համեստ է եղել՝ 20.1 տոկոս։

Արտաքին ապրանքաշրջանառության մեջ այդ ժամանակահատվածում դրական տեղաշարժ է նկատվել։ Այսպես՝ բացասական սալդոն կրճատվել է 102 մլն դոլարով կամ 15 տոկոսով, իսկ ներմուծման եւ արտահանման հարաբերակցությունը 2.3 անգամից պակասել է մինչեւ 1.9 անգամ։

Ավելի մանրամասն տվյալներ մայիսի դրությամբ դեռ չեն հրապարակվել, այդ պատճառով դիտարկենք հունվար–ապրիլ ժամանակահատվածի տվյալները։ Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին արտահանումը 22.2 տոկոսով աճել է։ Ընդ որում, առանձին երկրների մասնակցությունն ունի հետեւյալ տեսքը. Ռուսաստանն ապահովել է 11.3 տոկոս հարաբերական աճ, Բուլղարիան՝ 4.3 տոկոս, Իրաքը՝ 3.4 տոկոս։ Այսպես՝ արտահանման դրական տեղաշարժի մեջ առյուծաբաժինը Ռուսաստանինն է։

ԱՊՀ երկրներ մեր արտահանման ընդհանուր ծավալում Ռուսաստանի բաժինը հունվար–ապրիլին հասել է գրեթե 92 տոկոսի։ Այսինքն՝ ԱՊՀ–ում արտահանման տվյալները հիմնականում վերաբերում են Ռուսաստանին։ Նշենք, որ ԱՊՀ երկրներ ապրանքներ արտահանելու կառուցվածքը հեռու է դիվերսիֆիկացիայից. հունվար–ապրիլին 47 տոկոսը բաժին է ընկել մեկ ապրանքային խմբին՝ խմիչքին։ Ընդ որում, այդ արտադրանքի իրացումը նշված երկրներում տարեկան հաշվարկով մեծացել է գրեթե 1.7 անգամ։

Առաջին հայացքից բարելավել է վիճակը կոնյակի իրացման մեջ, որը Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ առաջատարն է։ Սակայն Հայաստանի գինեգործների ասոցիացիայի նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ այդ ուղղությամբ դրական տեղաշարժ չկա։ Ընդհակառակը, նրա խոսքով՝ կոնյակի արտահանումը կրճատվել է գրեթե 30 տոկոսով։ Հետեւաբար մեծացել է մյուս խմիչքների արտահանումը։

Ծխախոտը, որը արտահանվող ապրանքների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում, հիմնականում իրացվում է երրորդ երկրներում։ ԱՊՀ–ին բաժին է ընկնում արտասահմանում դրանց սպառման 3 տոկոսից էլ պակասը։ Դատելով անցյալ տարվա տվյալներից՝ հայրենական ծխախոտը հիմնականում արտահանվել է Իրաք։ Իսկ Բուլղարիա արտահանումը գրեթե միայն հանքանյութի եւ պղնձի խտանյութի տեսքով է եղել։ Այսպիսով՝ արտահանման մեջ նվաճումները հիմնականում ապահովել են երեք ապրանքային խմբերը՝ խմիչք, ծխախոտ եւ հանքանյութի ու պղնձի խտանյութ։