ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները  Սանկտ Պետերբուրգում հանդիպմանը մասնակցել են` ցույց տալու, որ իրենք էլ դեր են խաղում, բայց փաստացիորեն չեն մասնակցել հանդիպմանը: Այդ մասին հունիսի 21-ին մամուլի ասուլիսին հայտնել է   «Հայ դատի» գրասենյակի եւ ՀՅԴ-ի քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:   

Նա չի կարծում, թե Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության նպատակը Ղարաբաղի հարցում միջազգային խաղացողների քաղաքական ակտիվացմանը նպաստելն էր:   «Նախագահների այսօրվա հայտարարության մեջ կետ կա շփման գծում լարվածությունը նվազեցնելու մասին. դա եւս Ադրբեջանի վրա ճնշման արդյունքն է», - նշել է Մանոյանը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով: Հանդիպման արդյունքում  նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որի համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են մեծացնել ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջազգային դիտորդների թիվը: