Գարեգին Բ Կաթողիկոսի՝ Երեւանում կառուցվելիք կաթողիկոսական նստավայրի եւ դրան կից եկեղեցու վերջնականորեն հաստատված նախագիծ դեռեւս չկա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքաշինության խորհրդի վերջին նիստում  նստավայրի կառուցման նախագիծ է ներկայացրել, որը, սակայն, չի հաստատվել եւ հետ է ուղարկվել Մայր Աթոռ՝ լրամշակման։ «Երբ նախագիծը քաղաքապետարանի կողմից վերջնականորեն հսատատվի, այն ժամանակ էլ իրավասու կլինենք ասել, թե որքան տարածք է տրամադրվելու կաթողիկոսական նստավայրի եւ դրան կից եկեղեցու կառուցման համար։ Առայժմ դրա մասին ոչինչ կոնկրետ ասել չենք կարող»,- նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Մայր Աթոռի ճարտարապետական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում կառուցվելիք կաթողիկոսական նստավայրը տեղակայված է լինելու Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում՝ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում եւ կրելու է Սուրբ Աննա անունը։  Նշենք, որ ինչպես հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Երեւանում կառուցվելիք կաթողիկոսական նստավայրը ծառայելու է Վեհափառի պաշտոնական հանդիպումների, հյուրեր ընդունելու համար։ «Սա գործնական նշանակության, հիմնականում գրասենյակներից բաղկացած շինություն է լինելու, որտեղ Կաթողիկոսը հյուրեր է ընդունելու կամ գործնական հանդիպումներ է ունենալու»,- ասել էր նա։