Հագուստ արտադրող Zara, Mango եւ Bellford ապրանքանիշերի տղամարդկանց վերնաշապիկները չեն համապատասխանում Մաքսային Միության անվտանգության  տեխկարգավորումների պահանջներին: Այս մասին ասված է «Ռոսկաչեստվոյի» հետազոտության մեջ, հայտնում է RNS-ը:

Հաղորդվում է, որ հետազոտությանը օտարերկրյա եւ ռուսական արտադրության հայտնի ապրանքանիշերի տղամարդկային շապիկների 29 նմուշ է մասնակցել` 800-ից մինչեւ  4 հազար ռուբլի արժողությամբ: Բոլոր նմուշների գրեթե կեսը   (15 հատ) արտադրվել էին Չինաստանի, Մոլդովայի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Բելառուսի եւ Թուրքիայի ֆաբրիկաներում:  

Արդյունքում «Ռոսկաչեստվոն» 21 ապրանքի մեջ խախտումներ է հայտնաբերել. դեպքերի կեսում ակնհայտ էին հայտարարված կազմից շեղումները: 

«Zara, MNG, Bellford նմուշներում հյուսվածքը գործնականում օդաթափանց չէր. օդաթափանցության չափանիշներով այդ շապիկները չէին համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,- ասված է «Ռոսկաչեստվոյի» հաղորդագրության մեջ: Խախտումների մասին տեղեկությունները փոխանցվել են Ռոսպոտրեբնադզորին: 

Որակի ստանդարտներին համապատասխանել է O'STIN (արտադրված է Չինաստանում), Greg (Բելառուս), H&M (Բանգլադեշ), Oodji (Չինաստան), Incity (Չինաստան), Chkalov (Մոլդովա) ապրանքանիշերի ընդամենը վեց շապիկ: