Վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին ամիսներին հայկական զինված ուժերում տեղի ունեցած ցավալի դեպքերն ունեն մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Վերջինիս խոսքով, օբյեկտիվ պատճառները նրանք են, որ ժառանգել ենք դեռ խորհրդային բանակից՝ քրեական հեղինակություններ, քրեական գործելաոճ եւ «դեդովշինա»: «Մի շարք հրամանատարներ անբարեխիղճ են, եւ վարկաբեկում են հայ սպայի անունը»,- ասել է Կարապետյանն ու նշել, որ յուրաքանչյուր բանակ տվյալ հասարակության արտացոլումն է:
Նա նշել է նաեւ, թե մեկ տարուց ավելի է, որ բարեփոխումներ են սկսվել, որոնք անմիջապես արդյունքներ չեն կարող տալ: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բանակի բարոյական մթնոլորտին, կրթադաստիարակչական մոտեցումներին, քանի որ հրամանատարների մի մասն անկիրթ է»,- ասել է Կարապետյանը:
Նա նաեւ նշել է, որ ամեն մի առանձին դեպքի համար, համապատասխան գերատեսչությունը պարզաբանումներ պետք է ներկայացնի իրենց հանձնաժողովին:





























