Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գագաթնաժողովը բարենպաստ հոգեբանական մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար: Այս մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական Մեթյու Բրայզան:

Նրա խոսքով, հանդիպումից հետո  գլոբալ փոփոխություններ ու  հակամարտության լուծման հարցում առաջխաղացում չէին ակնկալվում: «Հանդիպումը ամրապնդել է այն արդյունքները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում մայիսի 16-ին: Որոշվել է ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ընդհանուր առմամբ այն որ հանդիպումը կայացել է, անկասկած, դրական փաստ է»,- ասել է Բրայզան:

Բրայզան նաեւ ասել է, որ հանդիպմանն իր մասնակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում է ամրապնդել խաղաղապահի իր իմիջը ու դրանով իսկ ազդել ԵՄ-ի վրա՝ Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման նպատակով:

«Հանդիպմանը Վլադիմիր Պուտինի մասնակցությունը կարելի է դրական գնահատել, չէ՞ որ ի վերջո հանդիպումն անցնում էր ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղաարի նախկին օգնականը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում անցել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: