Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղափոխում է ռուս-ադրբեջանական գործարքի հարթություն: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Ռուսաստանի այն քաղաքականությունը, որ հարցը փորձի դուրս բերել Մինսկի խմբի ձեւաչափից դուրս ու տանել սեփական հարթակ, հաջողություն արձանագրեց: Այն, ինչ պայմանավորված էր Վիեննայում, իր ամրագրումները չստացավ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանն, իր կարծիքով, պետք է չմասնակցի նման ձեւաչափով հանդիպումներին:

Քաղաքագետի խոսքով` ներկա իրավիճակը հենվում է Ռուսաստանի ազնիվ

խոսքի վրա առանց իրավական երաշխիք:

«Հիմա ես տեսնում եմ, որ պայմանավորվածություն է ձեռք բերված Մինսկի խմբի հետ համատեղ նաեւ այս ֆորմատում շարունակել բանակցությունները: Սա ծանր է հայկական կողմի համար, բայց Ադրբեջանին այս դասավորությունը ձեռնտու է, քանի որ նա շահագրգռված չէ որեւէ առաջընթացով»,- ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանը որեւէ հակախաղ չվարեց այս ընթացքում: Նրա խոսքով` ժանակն այժմ աշխատում է ի վնաս Հայաստանի:

«Հայաստանը պետք է օր առաջ դիվերսիֆիկացնի իր անվտանգության, էներգետիկ, արտաքին, պաշտպանական քաղաքականությունը: Այս հարցում գնդակը Հայաստանի իշխանությունների դաշտում է, սա է միակ ճանապարհը հետագա պատերազմը կանխելու համար»,- ասաց նա: