Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումով ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով` ապրիլյան դեպքերից հետո Ադրբեջանն այս ընթացքում կփորձի համախմբել իր ուժերը. «Կառուցողական եւ օգտակար էր այն առումով, որ հնարավորություն ընձեռնվեց պահպանել հրադադարի ռեժիմը: Հանդիպումից հետո նաեւ Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիան կկազմակերպի: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հասկացավ, որ ինքը միակողմանիորեն չի կարող հարձակվել ԼՂՀ ՊԲ-ի վրա եւ հաղթանակի հասնել: Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է կանգնած, Ադրբեջանի ռազմական գործողությունների հրահրողը Թուրքիան էր»: Մելիքյանը նշեց, որ ադրբեջանական կողմն անընդհատ խոչընդոտում էր հետաքննության մեխանիզմների տեղադրմանը եւ միջազգային դիտորդների թվի ավելացմանը, սակայն, եռակողմ հանդիպման ընթացքում որոշում կայացվեց, որպեսզի միջազգային դիտորդների հնարավորություններն ավելացվեն, դա ներառվեց նաեւ համապատասխան հայտարարության մեջ:
«Սակայն, հայտարարության մեջ հետաքննության մեխանիզմների մասին կարծես թե ոչինչ չարձանագրվեց, սակայն, հետագա բացատրություններում մեր արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ այդ հարցը նույնպես քննարկման առարկա է դարձել եւ դա չի կարող դուրս մնալ հետագա քննարկումներից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախագահները վերահաստատել են Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, նաեւ համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք նաեւ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները նման ձեւաչափով:





























