Մեր ժամանակներում, երբ լրատվամիջոցների վերնագրերում գերիշխում են բռնությունը, զայրույթն ու միասնականության բացակայությունը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա այցով Հայաստան է մեկնելու, որպեսզի ընդգծի քրիստոնյաների միջեւ համագործակցությունն ու ընդհանուր արմատները: Այս մասին National Catholic Register-ում գրել է Վիկտոր Գաետանը:
Նրա խոսքով, Հռոմի պապը մեկնում է Կովկասի տարածաշրջան, որը բազմաթիվ վերլուծաբաններ լարվածության վտանգավոր օջախ են համարում: Կաթոլիկ հովվապետն իր ուղեւորությունը սկսում է Հայաստանից՝ առաջին երկիրը, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն է ճանաչել 301 թվականին՝ Հռոմեական կայսրությունից շատ առաջ:
«Կրոնական ինքնությունը հիմնական բացատրություններից է, թե ինչպես են հայերը, կարողացել սերնդեսերունդ պահպանել իրենց հզոր մշակութային հաջորդականությունը»,- գրել է հեղինակը՝ նաեւ պատմելով Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանության մասին:
Վիկտոր Գաետանն ապշեցնող է համարում Հռոմի պապի ընդունելության համար Հայ Առաքելական եկեղեցու նախապատրաստությունները: Այցի համար նույնիսկ հատուկ տարբերանշան է ստեղծվել:
Բացի այդ, ըստ հոդվածագրի, ինչպես այլ դեպքերում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը գնում է Հովհաննես Պողոս 2-րդի հետքերով, որը Հայաստան է այցելել 2001 թվականին: «Սակայն Ֆրանցիսկոս պապն առաջին հովվապետն է, որն անցյալ տարվա ապրիլի Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակի պատարագի ժամանակ արտասանեց «ցեղասպանություն» բառը»,- գրում է հեղինակը:
Քանի որ Պապը վստահ է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, նա պատրաստ է Թուրքիայի կառավարության՝ անցյալ տարվա բողոքի նման արձագանքի:





























